Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում մանդատներն այլ ուժերին փոխանցելու հնարավորություն, եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ ներկայացնեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ եթե բոլոր 412 թեկնածուները դիմեն ինքնաբացարկի, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կունենա երկու հիմնական ելք։
Առաջինը՝ փորձել մանդատները փոխանցել մյուս՝ ավելի քիչ ձայն հավաքած ուժերին։ Սա, սակայն, պահանջում է կամ Սահմանադրական դատարանի համապատասխան կարգավորում, կամ խորհրդարանում նոր օրենքի ընդունում։
Երկրորդ՝ գնալ արտահերթ ընտրությունների։
Արփինե Հովհաննիսյանը հավանական չի համարում առաջին տարբերակը։ «Փաշինյանը ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի, ինքն իր ստեղծած լեգիտիմ պատկերի վրա չի կրակի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նման քայլը կլինի ծայրահեղ կապալեգիտիմացնող։
Ըստ նրա՝ տեխնիկապես անգամ շատ դժվար կլինի մանդատների բաշխումը նման իրավիճակում։ Նա հռետորական հարց է առաջարկել՝ «Ինչպե՞ս կբաշխվի մանդատը այն ուժին, որը հավաքել է ընդամենը 33 հազար ձայն»։
«Դա այն աստիճան տիեզերական մասշտաբի խայտառակություն և ապալեգիտիմ գործողություն կլինի, որ ավելի հավանական է՝ մի կերպ յոլլա կգնան պառլամենտում, հետո կգնան արտահերթ ընտրությունների»,- եզրակացրել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ տարի հետո կամ դրանից էլ շուտ։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստացել էր ընտրողների 4 տոկոսը, կորցրեց խորհրդարանի մանդատները՝ ԿԸՀ-ի կողմից 3 ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման պատճառով։ Այս իրադարձությունից հետո 7 քաղաքական ուժ դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։