ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵՎ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՄԱՆ ՈՒՂԻՂ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Այս տարվա փետրվարին իմ նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով ԱՄՆ շահերը Հայաստանում առաջ տանելու գործում ունեցել է կարևոր դեր, հրապարակեց մի ուշագրավ հայտարարություն։ Նա նշեց, որ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը Թրամփի և Բայդենի վարչակազմերի միջև էական տարբերություն չունի, և սա ամերիկյան քաղաքականության շարունակականության միակ ոլորտներից է։ Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականի Պրահայի համաձայնությունները, ամերիկացի պաշտոնյաները, ում մենք ընդունում էինք, ուղղակիորեն խորհուրդ էին տալիս. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ՝ Հայաստան»։

Արսեն Խառատյանը նաև ավելացրեց, որ Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը, ինչպես նաև նրանց հետո չլինելը, ամերիկյան վարչակազմի կողմից դիտարկվում էր որպես մեծ նվաճում։

Այսպիսով, երբ հայերի մնալը Արցախում ուղիղ կապված էր ռուսական խաղաղապահների մնալու հետ, ինչն իր հերթին կապված էր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման հետ, ապա Արցախի ճակատագրով անհանգստացած գործիչները պետք է պաշտպանեին այդ հայտարարությունը։

Սակայն, Արսեն Խառատյանի խոսքով, Միացյալ Նահանգները ամեն ինչ արել են, որ այդ հայտարարության կատարումը տապալվի, որպեսզի ռուսական խաղաղապահների մնալու հիմքերը վերանան, նրանք դուրս գան, իսկ Արցախն էլ դատարկվի հայերից։ Նա իր մտքերը արտահայտում էր ոչ թե ցավով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը տապալվեց, այլ այդ հարցում ԱՄՆ հաջողությունից բավական մեծ բավարարվածությամբ։

ԱՄՆ-ից մի քաղաքագետ, ով նույնպես իր հակառուսական կեցվածքով նպաստել էր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տապալմանը, օրեր առաջ վրդովվել էր իշխանությանը պաշտպանող հակառուս ակտիվիստների ադրբեջանամետ ելույթներից։ Նա նաև քննադատում է Փաշինյանի քաղաքականությունը։

Երբ պետք էր Փաշինյանի ձեռքից բռնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չտապալի, ռուսական խաղաղապահները մնան, հայերն էլ Արցախից դուրս չգան, այս մարդիկ նպաստում էին Փաշինյանի քայլերին։

Հիմա էլ նրանցից ոմանք վրդովվում են Փաշինյանի վարած ադրբեջանամետ և թուրքամետ քաղաքականությունից, ինչը, ըստ էության, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տապալման ուղիղ հետևանքն է, որում այդ մարդիկ ունեն իրենց ներդրումը։