ԵԱՀԿ-ի՝ Մինսկի գործընթացը փակելու պաշտոնական հաղորդագրությունն Արցախյան պետականության հերթական հիմքի պաշտոնական փլուզման արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական և ռազմավարական կամքի հետևանքով․ այս մասին գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ իր Facebook-ի էջում։
«Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես դադարեցրեց Արցախի հարցի միջազգային իրավական ձևաչափը, որը եղել է Հայաստանի համար այն հիմնական միջազգային հարթակը, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի անվտանգության հարցը և հակամարտության քաղաքական կարգավորման միջազգային օրակարգն ուժեղ իրավական ու քաղաքական դիրք ու հիմք ուներ։
Այժմ այս որոշմամբ Հայաստանի ձեռքով փակվեց այն մեկ մարմինը, որը գոնե տեսական մակարդակով պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում։ Այս հարցը այլևս հանվում է միջազգային օրակարգից ամբողջությամբ և վերջնական։ Այս ամենը արվում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումով։
Փաշինյանն ու Ալիևը հանդես են եկել որպես համատեղ օրակարգ ձևավորող կողմեր՝ «Համատեղ դիմում Հայաստանի և Ադրբեջանի կողմից»։ Սրանով Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց Արցախի հարցում սուբյեկտ լինելուց։
Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տրված բնորոշումներին։ Հայաստանը միջազգային համակարգին հայտնել է, որ «հակամարտություն այլևս չկա»։
Այսինքն, իշխանությունը, միջազգային իրավունքի լեզվով, ավարտում է Արցախի հարցը որպես քաղաքական ու իրավական խնդիր։ Այսինքն, տեղի է ունեցել պետական իրավական հրաժարում, որով Փաշինյանը ստորագրությամբ դնում է Արցախի ժողովրդի քաղաքական-միջազգային օրակարգի վերջը։
Այն փաստը, որ այս փակման հիմքում դրված է մի փաստաթուղթ՝ ստորագրված Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում, միաժամանակ հաստատում է, որ ՀՀ իշխանությունը ամբողջովին անցել է Բաքվի կողմից գծված «հաշտեցման» ճանապարհին, որը ոչ թե խաղաղություն է, այլ Հայաստանի կողմից պարտության լիակատար ընդունումն ու քաղաքական կապիտուլյացիան։
Այս որոշումը հանգեցրել է մի շարք անշրջելի հետևանքների․
Հայաստանը կորցրեց Արցախին վերաբերող բանակցային միջազգային գործիք։
Հայաստանը ինքնակամ հրաժարվեց միջազգային կառույցների միջոցով արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
Հայաստանը բացեց ճանապարհ Ադրբեջանի տարածքային պահանջատիրությունը խորացնելու, քանի որ զիջեց իրավական բալանսի վերջին լծակը։
Հայաստանը դարձավ ոչ թե սուբյեկտ, այլ հրաժարումով փաստացի դարձավ Ադրբեջանի բոլոր ապագա հնարավոր նկրտումները լեգիտիմացնող կողմ՝ տալով հրաժարման նախադեպ։
Սա պարզապես արտաքին քաղաքական սխալ չէ։ Սա ռազմավարական պետական զիջում է՝ անշրջելի հետևանքով։ Այս որոշմամբ Փաշինյանի իշխանությունը կատարեց այն, ինչին նույնիսկ պատերազմով չհաջողվեց հասնել Ադրբեջանին։ Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց Արցախի հարցից, միջազգային իրավունքի ամբողջ կառուցվածքի կիրառումից։
Սա ապացույցն է այն բանի, որ թե՛ նախկինում, թե՛ ապագայում իշխանության ցանկացած արդարանալու փորձ, մեղքը գցել նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի վրա, դառնում է քաղաքական սիմուլյացիա, քանի որ փաստաթուղթը պարզ է՝ Հայաստանը իր կամքով դիմել է Արցախի հարցը փակելու համար։
Այս քայլը լինելու է ապագա որևէ իշխանության համար ամենաբարդ վերականգնվող քաղաքական ու իրավական կորուստը, քանի որ այն ոչ միայն սահմանափակեց Հայաստանի մանևրելու հնարավորությունները, այլև հեռացրեց միջազգային իրավունքի սեղանից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։