Խոսքի քրեականացումը ոչ թե ուժի դրսևորում է, այլ քաղաքական սնանկություն

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունը՝ 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավորումը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ իբր «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով, հերթական անգամ ցայտուն ցույց է տալիս մեր երկրում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ։

Այս գործը, սակայն, չի պետք դիտարկել որպես առանձին իրավական կամ ձևական խնդիր։ Իրական էությունը շատ ավելի խորն է։ Այն վերաբերում է արտահայտված կարծիքի, ոչ թե կոնկրետ գործողության։ Հանրային հարթակում արված գրառում, որին չեն հաջորդել կազմակերպչական քայլեր, հրահանգներ կամ իրական և անմիջական վտանգ ստեղծող գործողություններ, իրավական պետությունում չի կարող հանդիսանալ ազատությունից զրկելու հիմք։ Իրավական համակարգը, որը նման դեպքերում գործի է դրվում, դադարում է ծառայել արդարադատությանը և վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Այս գործի առանձնահատուկ խնդրահարույցությունը նաև այն է, որ այն հիմնված է մասնավոր նամակի սքրինշոթի վրա, որը, կալանավորված կնոջ պնդմամբ, կեղծ էջի վրա է ստեղծվել։ Սա ոչ միայն կասկածի տակ է դնում մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարելի է օգտագործել տեխնոլոգիաները քաղաքական նպատակներով։

Կալանքի միջոցի ընտրությունը՝ 55-ամյա, սոցիալական առումով խոցելի և հանրային վտանգավորությամբ չբնութագրվող կնոջը ձեռնաշղթաներով դատարան տեղափոխելը, ոչ միայն չի համապատասխանում համաչափության սկզբունքին, այլև ցուցադրական է։ Սա ոչ թե կոնկրետ անձի դեմ ուղղված պատիժ է, այլ հասարակությանը ուղղված հստակ ուղերձ․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել նույն իրավիճակում։

Գործի քաղաքական ենթատեքստը դարձյալ ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում ընտրական գործընթացների նախաշեմին։ Նման գործելաոճը բնորոշ է այն փուլերին, երբ իշխանությունն այլևս վստահ չէ հանրային աջակցության առկայության հարցում։ Այդ պարագայում գործի է դրվում վախի մեխանիզմը՝ հանրությանը ինքնագրաքննության, լռության և քաղաքական պասիվության մղելու նպատակով։

Այս իրադարձությունը հատկապես կարևոր է դառնում այն պահին, երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, փաստացի վերածվում է քաղաքացու խոսքից «պաշտպանվող սուբյեկտի»։ Երբ իշխանությունը սկսում է պաշտպանել իր անձնական պատիվը՝ խոսքի ազատության սահմանադրական իրավունքի հաշվին, խոսքի ազատությունը դադարում է գործել որպես անօտարելի սահմանադրական իրավունք և վերածվում է իշխանության կամքից կախված պայմանական արտոնության։

Այսպիսի գործերով իշխանությունը չի ամրապնդում պետական անվտանգությունը։ Ընդհակառակը՝ այն հետևողականորեն քայքայում է իրավական պետության հիմքերը։ Քաղաքացին, որը գիտակցում է, որ կարող է զրկվել ազատությունից ոչ թե իր արարքի, այլ արտահայտված մտքի համար, դադարում է պետությունն ընկալել որպես իրեն պաշտպանող ինստիտուտ։

Խոսքի քրեականացումը նախընտրական փուլում ուժի դրսևորում չէ։ Դա իշխանության քաղաքական սնանկության և սեփական հասարակությունից վախի արտահայտություն է։