Հայ-թուրքական առևտրաշրջանառության վերջին տվյալները վկայում են, որ Հայաստանն առայժմ ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այս կարծիքը հայտնում է Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը՝ վերլուծելով 2024 թվականի տվյալները։
Ըստ փորձագետի՝ Թուրքիայից ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 336 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանից արտահանված ապրանքների արժեքը չի հասել անգամ 0․5 մլն դոլարի։ Այս անհավասարակշռությունը, նրա խոսքով, ավելի է սրվելու սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի։
Վահե Դավթյանը նշում է, որ 30 տոկոս ՀՆԱ-ի ակնկալվող աճի մասին խոսելը վաղ է և հիմնված միֆի վրա։ Նրա կարծիքով՝ նման աճը, եթե անգամ իրականացվի, կբերի անվտանգային բազում ռիսկեր՝ վնասելով ազգային տնտեսության վերջին մնացորդներին։
Փորձագետը կարծում է, որ սահմանների բացումը կարող է դրական արդյունք ունենալ միայն այն դեպքում, եթե այն զուգահեռանա սեփական արդյունաբերական բազայի զարգացման հետ։ Այլապես, նրա խոսքով, այն կամրապնդի տնտեսական կախվածությունը և կսրի անհավասարակշռությունը։