Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով միջազգային հանրության ուշադրությունը հայերի կողմից 1918 թվականին ադրբեջանցիների դեմ կատարված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների» վրա կենտրոնացնելու և այդ իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։
Այս հայտարարությունը հիշեցնում է ինձ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ արված վերջին հայտարարությունները։ Կառավարության նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ վարչապետը կուրծք ծեծելով ընդգծել էր, թե «նման խոսույթը լավ տեղ չի տանում»։
Փաշինյանն այս առիթով բառացի ասել էր․ «Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել, մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Ես որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից՝ համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից։ Ցեղասպանությունների մասին խոսելով՝ մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով՝ մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ»։
Այս համատեքստում Ալիևայի հայտարարությունը դիտարկելը թույլ է տալիս հասկանալ, որ Բաքուն ոչ միայն չի հրաժարվում պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից, այլ այն ակտիվորեն օգտագործում է որպես ռազմավարական գործիք։
Ադրբեջանը հակադրում է Հայոց ցեղասպանության իրական ժխտմանը՝ իր կողմից հորինված «ադրբեջանցիների ցեղասպանություն» հասկացությունը։ Երևանը փորձում է խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից, իսկ Բաքուն՝ հակառակը, օրակարգ է բերում «ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչումը»։ Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ հայտնվող «տեղեկատվական տեռորի» և «խաղաղության դարաշրջանի» մասին հայտարարությունները հերթական ժանգլյորություն են։
Ալիևայի հայտարարությունը պարզապես պատահական չէ, այլ հստակ քաղաքական գիծ, որի նպատակը ոչ թե պատմություն վերաշարադրելն է, այլ խաղի կանոնները փոխելը։ 1918 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու պահանջը նշանակում է, որ Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը։ Եթե նախկինում նպատակը «չի եղել» ասելն էր, հիմա նպատակը «բոլորի մոտ է եղել» դարձնելն է։
Այս մոտեցումը դրսևորվում է միմյանց զուգահեռ՝ Բաքուն «նոր ցեղասպանություն» է հորինում և դրա մասին բարձրաձայնում պետական մակարդակով, իսկ Երևանը փորձում է խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից։
Փաշինյանի այն թեզը, թե «ցեղասպանության մասին խոսելով՝ մենք ստանում ենք նույն խոսույթը հակառակ կողմից», իրականում շրջված պատճառահետևանքային կապ է։ Պատմությունը ցույց է տալիս հակառակը՝ ոչ թե դու ես ձևավորում հակառակ կողմի խոսույթը, այլ հակառակ կողմի նպատակներն են ձևավորում նրա խոսույթը։ Ադրբեջանը չի սկսում «ցեղասպանության մասին խոսել», որովհետև Հայաստանը խոսում է․ Ադրբեջանը խոսում է, որովհետև դա իր ռազմավարական շահերից է բխում։
Այս մոտեցումը հայտնի է նաև որպես «հակաթեզ»։ Դրա օրինակը հանդիպել է նաև նախկին Հարավսլավիայի տարածքում՝ Բոսնիական պատերազմի ընթացքում։ Երբ միջազգային դատարանները Սրեբրենիցայի կոտորածը ճանաչեցին որպես ցեղասպանություն, սերբական քաղաքական ու մտավոր դաշտում արագ ձևավորվեց հակաթեզ՝ «բոլորը բոլորին են սպանել»։ Այս մոտեցման նպատակն էր ոչ թե արդարանալ, այլ ջնջել պատասխանատվության եզակի լինելու թեման։ Այսպիսով, Բաքուն փորձում է իրականացնել նույն ռազմավարությունը՝ Հայոց Ցեղասպանության հարցում։