ԱՂԵՏԱԼԻ ԿԼԻՆԻ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՌԻՍԿԵՐԸ

Եթե Հայաստանը վերջնարդյունքում իր կողմնորոշումը փոխի դեպի Եվրոպա և դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ապա Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների գների փոփոխությունը կարող է աղետալի լինել մեր երկրի համար։ Այս տեսակետը ես հայտնում եմ՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, որը նա հնչեցրեց Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահն ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ նշեց, որ Մոսկվան միանգամայն հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, սակայն միաժամանակ հիշեցրեց, թե ինչ արժեքով է ՌԴ-ն գազ վաճառում Հայաստանին։ Եթե այդ փոփոխությունը տեղի ունենա, մեր երկրում կլինի գների աննախադեպ բարձրացում։ Օրինակ, գազի գինը սահմանին 600 դոլարից կհասնի 1 775 դոլարի։ Դա նշանակում է շատ ուժեղ մակրոտնտեսական շոկ։

Այսպիսի սցենարը կունենա մի քանի ծանր հետևանքներ։ Նախ, դա կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի համար հավելյալ ծախսի՝ տարեկան ավելի քան 1․5 մլրդ դոլարի չափով։ Երկրորդ, այն կբերի ՀՆԱ-ի անկում՝ մոտ 7–10 %-անոց։ Ըստ իմ գնահատականի՝ դա հավասարազոր է ճգնաժամի, և մոտավորապես նույն իրավիճակը կլինի, ինչ 1990-ական թվականների սկզբին։

Այս ամենը կհանգեցնի էլեկտրաէներգիայի, ջեռուցման թանկացման, հատկապես գազից կախված ոլորտների ինքնարժեքի բազմապատիկ աճի։ Կարող են փակվել, կրճատվել բիզնեսները, արտահանումը կարող է մինչև 30% անկում ունենալ։ Նույնը վերաբերում է նաև աշխատաշուկային, որտեղ կարող է մինչև 4,5% գործազրկության աճ լինել, իսկ իրական աշխատավարձերն ընկնեն մինչև 20–30%։

Այսպիսի տնտեսական ճնշումների պայմաններում փոխարենը մոտ 1.5 մլրդ դոլարով կաճի ներմուծումը, որն իր հերթին կբերի լուրջ ճնշումներ հայկական դրամի վրա՝ հանգեցնելով փոխարժեքի անկման և մինչև 25 % գնաճի։

Այս համատեքստում կարևոր է նաև հիշել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ իր տնտեսական հարաբերությունները։

Ես նաև ուզում եմ անդրադառնալ Ռուսաստանի ստրատեգիական դերի հարցին։ Ռուսաստանն ունի բացառիկ դեր Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես Մեծամորի ատոմակայանի վերազինման և միջուկային վառելիքի մատակարարումների հարցում։

Մյուս կողմից, ռուսական շուկան լայն իմաստով Հայաստանի համար կենսական նշանակություն ունի հատկապես արտահանումների տեսանկյունից։ Բացի այդ, պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ փոխներգործությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, ես կարծում եմ՝ այն դիսոնանս է առաջացրել և կարող է լրջորեն խաթարել հայ–ռուսական հարաբերությունները։ Այն ակնհայտ է ցերեկվա լույսի նման։ TRIPP-ի հետ կապված խոսում են մինչև 1 մլրդ դոլարի ներդրումների մասին, բայց ընդամենը 26% շահութաբաժինն է հայկական կողմինը, իսկ 74%–ը ամերիկյան է։ Դա ծայրահեղ անարդար բաշխում է և հակասում է անգամ միջազգային պրակտիկային։ Ստացվում է՝ սա տնտեսական առումով շատ խոցելի նախագիծ է, մինչդեռ դրա աշխարհաքաղաքական ռիսկերը լինելու են երկարաժամկետ։

Եվ վերջում՝ եվրոպական ուղղությունը որպես այլընտրանք դիտելը այս պահին պարզապես իրատեսական չէ։ Դա այս պահի դրությամբ ուղղակի ֆանտազիայի ոլորտից է։ Եվրոպան դեռ շատ կմոդիֆիկացվի։ Դա նաև զուտ տնտեսական, տեխնոլոգիական տեսանկյունից է անհնարին. մենք այսօր չունենք այնպիսի պրոդուկտներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Թե՛ ծավալների, թե՛ տեխնոլոգիական, թե՛ ստանդարտների առումներով Հայաստանի տնտեսությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի եվրոպական շուկաներում դիրքավորվելու համար։