«Ադրբեջանական մշակույթ-2040» հայեցակարգը կդառնա Արցախի մշակութային ժառանգության վերացման գործիք

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը վերլուծելով «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգը, եկել է այն եզրահանգման, որ օկուպացված Արցախի տարածքում միայն լրատվականներով և հարցազրույցներով բարձրաձայնվող գործողությունները այժմ ստացել են հստակ ռազմավարություն՝ միայն թե քողարկված «վերականգնում» բառի տակ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է «Ադրբեջանական մշակույթ – 2040» մշակութային հայեցակարգը։ Այս փաստաթուղթը երկարաժամկետ ռազմավարություն է, որը նախատեսված է ձևավորել երկրի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա երկու տասնամյակների ընթացքում։ Հայեցակարգը կառավարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից և իրականացվում է երեք փուլով՝ 2026–2030, 2031–2035 և 2036–2040 թվականներ։

Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք»։ Փաստաթղթի 3-րդ բաժնում՝ «Ներկայիս իրավիճակի վերլուծություն» ենթաբաժնում, նշվում է, որ երկրում ստեղծվել են նոր թանգարաններ և պատկերասրահներ, իսկ Բաքվում բացվել են «Հայրենական պատերազմի» հուշահամալիրը և «Հաղթանակի թանգարանը»։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «ազատագրված տարածքներում» դրվել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանային համալիրների հիմքերը։

Կարելի է փաստել, որ այս թանգարանների գլխավոր նպատակը Արցախի բնիկ բնակչություն հանդիսացող հայությանը և առհասարակ հայությանը ներկայացնել որպես «օկուպանտ», որի դեմ տարվել է «հաղթանակ»։ Նման թանգարանները նպաստելու են հայատյացության խորացմանը։ Ըստ երևույթին այս թանգարանների հիմնումը հենց Արցախի տարածքում խորհրդանշելու է հայկական Արցախի ոչնչացումը և հայության էթնիկ զտումները։

Հայեցակարգի 5-րդ բաժնում ներկայացված են մշակութային քաղաքականության հիմնական նպատակները։ Մասնավորապես, 5.1.15 կետում նշվում է մշակութային հաստատությունների վերականգնումը, նոր մշակութային ենթակառուցվածքների ստեղծումը, մշակութային կյանքի վերակենդանացումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։

Հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը, այս հայեցակարգը ենթադրելու է հայկական հետքի լիակատար ջնջում, քողարկում, վերափոխում և լռության մատնում։ Ասվածի լավագույն օրինակը Շուշիում «վերականգնվող» Ղազանչեցոց տաճարն է, որի վերականգնման անվան տակ հիմնահատակ ոչնչացված է Կանաչ ժամը։ Այսինքն, «վերականգնում» կատարվում է ոչ թե ավանդական տեսքը վերականգնելու, այլ այն փոխարինելու նոր, ադրբեջանական ոճով կառույցով։

Այս դրույթով ուղղակի վտանգի տակ է հայտնվում Արցախի միջնադարյան հայկական մշակութային ժառանգությունը, որը, հաշվի առնելով վերջին 5 տարիների հայտարարությունները, «պետք է բերվի նախնական տեսքի»՝ սրանով վտանգ է ստեղծվում հարյուրավոր հայերեն վիմագիր արձանագրությունների, խաչքարերի, խաչային հորինվածքների համար։ Կարելի է փաստել, որ այս կետով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է։

Հայեցակարգի 8-րդ բաժնում ներկայացված է 2026–2030 թվականների համար նախատեսված իրականացման գործողությունների ծրագիրը։ Ըստ 8.6.6 կետի նախատեսվում է կատարելագործել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեությունը։ Այս պաշտպանությունը, սակայն, կիրականացվի այնպիսի կերպ, որ միաժամանակ բարձրացվի միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկվեն միջոցառումներ դրանց փոխհատուցման համար։ Այսպիսով, անտիկ և միջնադարյան հնագիտական հուշարձանների պեղումները կիրականացվեն ոչ թե գիտական, այլ քարոզչական նպատակներով՝ ադրբեջանական կողմն ելնելով իր քարոզչական շահերից։